Master Calendar Hearing. Ի՞նչ պետք է իմանաք ներգաղթի դատարանում Ձեր նախնական դատական նիստի մասին
06/24/2026 Եթե ունեք ակտիվ ներգաղթի դատական գործ, ապա հավանաբար նշանակված է կամ առաջիկայում նշանակվելու է Ձեր Master Calendar Hearing-ը (MCH)՝ նախնական դատական նիստը։ Շատ ներգաղթյալներ անհանգստանում են, երբ ստանում են դատարանի ծանուցում։ Սակայն կարևոր է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում այս դատական նիստը, ինչ է տեղի ունենում դրա ընթացքում, և ինչու է այն այդքան կարևոր։ Ի՞նչ է Master Calendar Hearing-ը Master Calendar Hearing-ը ներգաղթի դատարանի նախնական կամ ընթացակարգային նիստն է։ Սա այն օրը չէ, երբ Դուք պետք է պատմեք Ձեր ապաստանի պատմությունը, ներկայացնեք ապացույցներ կամ ցուցմունք տաք դատարանում։ Այդ ամենը սովորաբար տեղի է ունենում ավելի ուշ՝ Individual Hearing-ի (անհատական դատական նիստի) ընթացքում։ Master Calendar Hearing-ի հիմնական նպատակն է՝ * Հաստատել կողմերի ներկայությունը, * Ստուգել Ձեր անձնական տվյալները, * Քննարկել գործի ընթացակարգային հարցերը, * Սահմանել ապացույցների ներկայացման ժամկետները, * Նշանակել հաջորդ դատական նիստերի օրերը։ Շատ դեպքերում այս նիստը տևում է ընդամենը մի քանի րոպե։ Ինչու՞ է այս նիստն այդքան կարևոր Թեև Master Calendar Hearing-ը սովորաբար կարճ է տևում, դրա կարևորությունը չի կարելի թերագնահատել։ Եթե Դուք չներկայանաք դատարան, դատավորը կարող է Ձեր բացակայությամբ կայացնել արտաքսման (Removal) որոշում։ Նման որոշումները հաճախ ունենում են լուրջ հետևանքներ և հետագայում դրանց բեկանելը կարող է չափազանց դժվար լինել։ Հետևաբար, նույնիսկ եթե կարծում եք, որ նիստը «պարզ ձևականություն» է, այն բաց թողնելը կարող է վտանգի տակ դնել Ձեր ամբողջ ներգաղթի գործը։ Միշտ ստուգեք Ձեր դատական նիստի օրը և ժամը Վերջին տարիներին ներգաղթի դատարաններում հաճախ են տեղի ունենում դատական նիստերի վերանշանակումներ և ժամանակացույցի փոփոխություններ։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում նիստից մի քանի օր առաջ կրկին ստուգել Ձեր գործի տեղեկատվությունը EOIR-ի պաշտոնական համակարգում` https://acis.eoir.justice.gov/en/ կամ հեռախոսով՝ 1-800-898-7180 TDD: 1-800-828-1120։ Ձեզ անհրաժեշտ կլինի ձեր 9-նիշանոց A-Number-ը (Alien Registration Number), որը նշված է ձեր Notice to Appear (NTA) փաստաթղթում։ Եթե նկատում եք որևէ անհամապատասխանություն կամ փոփոխություն, անմիջապես կապ հաստատեք Ձեր փաստաբանի հետ։ Ի՞նչ պետք է տանեք Ձեզ հետ Դատարան ներկայացեք Կառավարության կողմից տրված լուսանկարով անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր կամ նույնականացման քարտ, վարորդական վկայական, աշխատանքի իրավունք)։ Նկատի ունեցեք, որ Ձեր գործում ընդգրկված բոլոր չափահաս պատասխանողները, որոնք 18 տարեկան կամ ավելի են, պարտավոր են անձամբ ներկայանալ դատարան։ Ինչպե՞ս պատրաստվել դատարան ներկայանալուն Խորհուրդ է տրվում դատարան հասնել առնվազն մեկ ժամ շուտ։ Ներգաղթի դատարաններում անվտանգության ստուգումները նման են օդանավակայաններում իրականացվող ստուգումներին։ Հնարավոր է անհրաժեշտ լինի. * Անցնել մետաղորսիչ սարքերի միջոցով, * Հանել գոտին կամ որոշ անձնական իրեր, * Սպասել անվտանգության հերթերում։ Եթե մեքենայով եք գնում, լրացուցիչ ժամանակ նախատեսեք նաև կայանման համար։ Ի՞նչ է տեղի ունենում դատարանի դահլիճում Դատարան հասնելուց հետո. 1. Գրանցվեք դատարանի քարտուղարի մոտ, եթե դա պահանջվում է։ 2. Սպասեք, մինչև կանչեն Ձեր գործը։ 3. Երբ Ձեր անունը հնչեցվի, հաստատեք Ձեր ներկայությունը։ 4. Ձեր փաստաբանը նիստին կմիանա առցանց և կներկայացնի ձեր շահերն ու կխոսի Ձեր անունից։ 5. Եթե դատավորը Ձեզ հարց տա, պատասխանեք հանգիստ և հստակ։ 6. Անհրաժեշտության դեպքում Ձեզ կտրամադրվի թարգմանիչ։ Շատ դեպքերում դատավորը կարող է ընդհանրապես որևէ հարց չտալ կամ սահմանափակվել միայն անունը և հասցեն ճշտելով։ Ինչպե՞ս պահել Ձեզ դատարանում Դատարանում կարևոր է պահպանել պատշաճ վարքագիծ. * Դատավորին դիմեք «Հարգելի Դատավոր» ձևակերպմամբ, * Մի խոսեք, եթե Ձեզ չեն դիմել, * Հեռախոսը պահեք լուռ ռեժիմում, * Հարգանքով վերաբերվեք դատարանի բոլոր մասնակիցներին, * Համբերատար սպասեք Ձեր հերթին։ Ի՞նչ անել, եթե չեք կարող ներկայանալ Եթե առաջացել է իրական արտակարգ իրավիճակ, օրինակ՝ հոսպիտալացում կամ առողջական լուրջ խնդիր, անմիջապես տեղեկացրեք Ձեր փաստաբանին։ Պահպանեք բոլոր փաստաթղթերը, որոնք հաստատում են արտակարգ իրավիճակի առկայությունը։ Հիշեք, որ «մոռացել էի», «ուշացել էի» կամ «խցանման մեջ էի» պատճառաբանությունները սովորաբար չեն համարվում բավարար հիմնավորում դատարան չներկայանալու համար։ Եզրակացություն Master Calendar Hearing-ը կարող է տևել ընդամենը մի քանի րոպե, սակայն դրա նշանակությունը Ձեր ներգաղթի գործի համար չափազանց մեծ է։ Ստուգեք Ձեր դատական նիստի օրը և ժամը, ժամանակից շուտ ներկայացեք դատարան, հետևեք Ձեր փաստաբանի ցուցումներին և ամենակարևորը՝ երբեք մի բաց թողեք դատական նիստը։ Ճիշտ պատրաստվածությունը կարող է օգնել Ձեր գործին շարժվել առաջ, մինչդեռ մեկ բաց թողնված նիստը կարող է հանգեցնել լուրջ և երկարատև հետևանքների։